Ռուսաստանում աշխատուժի պակասի խնդիրը կարող է լուծվել ձեռնարկություններում ռոբոտների ներդրմամբ, ըստ ТАСС-ի՝ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։ «Ռոբոտացումն ուղիղ ճանապարհ է կադրերի պակասի հաղթահարման համար, որն անդրադառնում է բոլոր ոլորտների վրա»,- ասել է նա «Իննոպոլիս» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:
Օրեշկինը նշել է, որ «գործընթացն արդեն մեկնարկել է»։ «Մենք հաճախ ենք այցելում նոր ձեռնարկություններ։ Արդեն բջիջներ, ամբողջական գծեր են ռոբոտացվել»,- հայտնել է նա։
Կրեմլի պաշտոնյայի տեսանկյունից, բացի արդյունաբերական արտադրությունից, ռոբոտները կարող են ներդրվել այնպիսի գործընթացներում, ինչպիսին են լոգիստիկան, պահեստավորումը և տեսակավորումը: Նրա կարծիքով, այդ գործառույթները շատ մեծ ծավալի մարդկային աշխատուժ են պահանջում, «որը գնալով ավելի է թանկանալու»։
Օրեշկինը հավելել է, որ աշխատավարձերի ակտիվ բարձրացմանը զուգընթաց, որն, ըստ նրա, չի դադարի, ավտոմատացումն ամեն անգամ ավելի ու ավելի շահավետ կդառնա։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ներառյալ հարկային արտոնությունները, ռոբոտ արտադրողների և դրանք իրականացնողների համար «աջակցության մեծ փաթեթ» ունի:
Հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել էր, որ Ռուսաստանը «շուտով» դառնա ռոբոտների կիրառմամբ աշխարհի լավագույն 25 երկրներից մեկը, ինչը նշանակում է ավելի քան 100 հազար նման մեքենաների տեղադրում: Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ռոբոտացումն ու արհեստական ինտելեկտի զարգացումն ավելի վաղ Ռուսաստանի տնտեսության երկարաժամկետ աճի հիմնական գործոններից մեկը էր անվանել։
Այժմ հայրենական արդյունաբերությունում 10 հազար աշխատողին բաժին է ընկնում մոտ 19 ռոբոտ։ Արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը նշել է, որ մինչև 2030 թվականը նպատակային ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ է արտադրության մեջ մոտ 85 հազար մեքենա ներմուծել։
Նախարարն այս գործընթացին խոչընդոտող երեք հիմնական խնդիր է առանձնացրել: Դա ձեռնարկությունների ղեկավարների պահպանողական մոտեցումն է, որոնք նախընտրում են վարձու աշխատուժը, ինտեգրատոր ընկերությունների անբավարար փորձը և լոգիստիկ դժվարությունները, դրանց թվում՝ Ռուսաստանում ռոբոտների արտադրությունն ամբողջությամբ տեղայնացնելու անհրաժեշտության առնչությամբ:
Ըստ Ռոբոտաշինության միջազգային ֆեդերացիայի (IFR) զեկույցի՝ 2023 թվականին ռոբոտացման խտությամբ առաջատարներն էին Հարավային Կորեան (1012 ռոբոտ 10 հազար աշխատակցին), Սինգապուրը (730 ռոբոտ) և Գերմանիան (415 ռոբոտ):
Ուկրաինայի հետ պատերազմի բռնկումից ի վեր, որը հանգեցրեց զորահավաքի և զանգվածային արտագաղթի, Ռուսաստանում կադրերի սուր պակաս առաջացավ։ Ըստ HeadHunter-ի հավաքագրման ծառայության՝ աշխատաշուկան կորցրել է 19-40 տարեկան երկու միլիոն աշխատող, իսկ երկրի աշխատուժն այժմ կազմում է 76,3 միլիոն մարդ:
Կենտրոնական բանկի ապրիլյան հարցումը ցույց է տվել, որ ռուսական ձեռնարկությունների 70%-ը կադրերի պակաս է զգում։ Կառավարության հաշվարկներով՝ մինչև 2030 թվականը տնտեսությանը 2,4 միլիոն նոր աշխատող կպահանջվի։





























