Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը վնասվել է Այգեշատ գյուղի տարածքում. «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել դադարեցնել ջրի հոսքն ու անցնել վթարավերականգնողական աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վարչական ղեկավար Լիպարիտ Հարությունյանը։

«Վթարը առավոտյան ժամը 10-ի սահմաններում է տեղի ունեցել։ Այդ մասին ինձ գյուղացիներն են հայտնել, ես էլ դիմել եմ «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Այս պահին արդեն աշխատանքներ են իրականացվում, բայց ջրի հոսքը մեծ է, աշխատակիցներին դեռևս չի հաջողվել դադարեցնել այն ու անցնել բուն աշխատանքներին»,–պատմեց Այգեշատի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով վթարի հետևանքով Այգեշատ գյուղում ջրանջատում տեղի չի ունեցել, որովհետև գյուղը սնուցող հիմնական ջրատարն այլ հատվածով է անցնում. միայն որոշ հասցեներում ջրի ճնշումն է նվազել։

«Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, բայց կարծում եմ խնդիրն այն է, որ ջրատար բոլոր խողովակները հին են։ Սա առաջին դեպքը չէ, երբ գյուղի տարածքում ջրատար է վնասվում։ Ամիսներ առաջ էլ գյուղի գերեզմանատան հատվածում էր ջրատար խողովակ վնասվել»,–հայտնեց Այգեշատի վարչական ղեկավարը։

Լիպարիտ Հարությունյանը տեղեկություններ չունի, թե որքան ժամանակ կպահանջեն վթարի հետևանքները վերացնելու աշխատանքները։

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով:

«Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերի ջրամատակարարումը»,- ասված էր հաղորդագրության մեջ: