Ամանորին ընդառաջ, առեւտրի ակտիվացմանը զուգահեռ, պետք է սահմանված կարգով ապահովել եւ կանոնակարգել բացօթյա առեւտրի կազմակերպումը, ինչպես նաեւ հետեւողական լինել չնախատեսված տարածքներում ապօրինի բացօթյա առեւտուրը կանխելու ուղղությամբ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, աշխատանքային  հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հանձնարարելով վարչական շրջանների ղեկավարներին  առեւտրի եւ սպասարկումների վարչության հետ համատեղ քննարկել եւ նախատեսել այն տարածքները, որտեղ կթույլատրվի իրականացնել եղեւնիների եւ սոճիների բացօթյա վաճառք:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարբերաբար ստուգայցեր են կատարվում բացօթյա առեւտրի կանոնակարգման ուղղությամբ եւ խախտումների դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:

Մայրաքաղաքում ամանորյա տոնակատարությունների միջոցառումների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին նախատեսված ժամկետում ավարտել մայրաքաղաքի արտաքին, տոնական ձեւավորման աշխատանքները, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել տոնական միջոցառումների ցանկի ու անցկացման վայրերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքի վերահսկման ու  կանոնակարգման նպատակով նոյեմբերին կատարված ստուգայցերի ընթացքում վարորդների կողմից արձանագրվել է ծխելու 31 դեպք, որից 5-ը` նախորդ շաբաթվա ընթացքում, սանիտարական անբավարար արտաքին տեսքի համար ժամանակավորապես երթուղագծերից դուրս է բերվել թվով 471 միկրոավտոբուս:

Քաղաքապետի խոսքով, չնայած կանգառագոտիներում աշխատանքների արդյունքը որոշ առումով նկատելի է, սակայն հասարակական տրանսպորտի կանոնակարգումը պահանջում է ամենօրյա հետեւողական աշխատանք, որպեսզի երթեւեկը հարմարավետ լինի քաղաքացիների համար: