Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը զայրացած հայտարարություն է տարածել՝ համեմված հերթական սպառնալիքներով և վերջնագրերով։

«Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ)՝ անդամ երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության մանդատ ունեցող կազմակերպության օգտագործումը Ֆրանսիայի բացահայտ դրդմամբ և աջակցությամբ, խորապես ցավալի է։

Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որոշակի դրույթների ներառումը  կազմակերպության եզրափակիչ փաստաթղթում, որի անդամ չէ Ադրբեջանը, Ֆրանսիան բացահայտ չարաշահել է իր նախագահական կարգավիճակը, նենգորեն խախտել բազմակողմ ձևաչափերով փաստաթղթեր պատրաստելու ընդհանուր ընդունված պրակտիկան և բանակցությունների տարրական կանոնները։

Արդյունքում, այն դրույթները, որոնք Հայաստանը պնդում է, որ ընդունվել են ՖՄԿ-ի գագաթնաժողովում, ըստ էության, կոնսենսուս չեն ստացել, և վերապահումներ են արձանագրվել այդ դրույթների վերաբերյալ։

Որպես հետևանք, իր կեղծ նարատիվները միջազգային հանրությանը պարտադրելու Հայաստանի փորձերը ձախողվեցին նույնիսկ այն ձևաչափում, որի անդամ չէ Ադրբեջանը, և չնայած Ֆրանսիայի բացահայտ աջակցությանը։

Հիշյալ դրույթները, որոնք ներառվել են փաստաթղթում՝ կոպտորեն խախտելով մշակութային և հումանիտար հարցերով զբաղվող կազմակերպությունում որոշումների կայացման կանոնները, չունեն քաղաքական կամ իրավական նշանակություն՝ անկախ այն բանից, որ Հայաստանը փորձում է այն ներկայացնել որպես «դիվանագիտական ​​հաղթանակ»։

Փոխարենը, ՖՄԿ-ի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտել որպես ամեն առիթով Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հարվածելուՀայաստանի մտադրության ևս մեկ դրսևորում, իսկ Ֆրանսիան օգտագործում է Հայաստանը իր նեղ շահերի համար:

Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնում ՖՄԿ անդամ այն ​​երկրներին, որոնք, չնայած Ֆրանսիայի բացահայտ սպառնալիքներին և շանտաժին,  անդրդվելի հավատարմություն են դրսևորել միջազգային իրավունքին և ՖՄԿ-ի մարդասիրական մանդատին և կտրականապես դեմ են եղել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված  և կարգավորման գործընթացը խաթարող քայլերին։  

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին հրաժարվել նման սադրիչ քայլերից և քաղաքական կամք և պատասխանատվություն դրսևորել՝ վերացնելու կարգավորման գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու մնացած խոչընդոտները՝ առաջին հերթին փոփոխելով իր սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ ընթանա կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով, կա՛մ շարունակի առճակատումը բոլոր ուղղություններով։ Ադրբեջանը հավատարիմ է իր սկսած հարաբերությունների կարգավորման գործընթացին և շարունակում է հետևողականորեն առաջ շարժվել քաղաքական իմաստության և պատասխանատվության զգացումով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։