Ռուսաստանցի ձեռներեց Վլադիսլավ Բակալչուկը նոր հայց է ներկայացրել Wildberries ընկերության, «ՌՎԲ» ՍՊԸ-ի եւ նախկին կնոջ՝ Տատյանա Կիմի դեմ։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դատարանի նյութերին։
Այլ մանրամասներ առայժմ չեն նշվում։
2024թ. հունիսին Wildberries ընկերությունն սկսել էր միավորման գործընթացը երկրում արտաքին գովազդի ամենամեծ օպերատորներից մեկի՝ Russ-ի հետ։ Միաձուլումն ավարտվել է օգոստոսին, ինչի արդյունքն է դարձել համատեղ ձեռնարկության՝ «ՌՎԲ» ՍՊԸ-ի ստեղծումը։
Այս ֆոնին հոկտեմբերի 3-ին Բակալչուկը հայց է ներկայացրել Մոսկվայի Սավելեւյան դատարան «ՌՎԲ» ՍՊԸ-ի եւ իր նախկին կնոջ դեմ։ Գործարարը պահանջել է անվավեր ճանաչել միավորված ընկերությանը Wildberries.ru դոմենի հանձնման գործարքը։
Հոկտեմբերի 4-ին գործարարը դատարան է ուղարկել եւս մեկ հայց Տատյանա Կիմի, Wildberries ընկերության եւ «ՌՎԲ» ՍՊԸ-ի դեմ։ Նա հայտնել է, որ Wildberries-ի ավելի քան 350 մլրդ ռուբլի ակտիվները անօրինաբար հանձնվել են «ՌՎԲ» ՍՊԸ-ին։ Մասնավորապես, խոսքը ընկերության ծրագրային ապահովման եւ լոգիստիկ հնարավորությունների մասին է։ Նույնը վերաբերում է պահեստներին, ապրանքանշաններին եւ «բազմաթիվ այլ բաների, ինչն ստեղծվել է տարիներ շարունակ»։





























