«Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել։ Այս մասին հայտնել է ՔՏՀԱ տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը․

«Ի պատասխան Ձեր հարցերի՝ կապված Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի, տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ  չի իրականացրել։

Հավելեմ, որ Տեսչական մարմնի  կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում  նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։

Ծուխը տեսանելի է եղել մի քանի կմ-ից: Հրդեհը տարածվել է պահեստից դեպի խանութի տարածք։

Հրդեհից 2 ժամ անց դեռեւս կրակը մարված չէր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ներսում եղած մարդիկ հասցրել են դուրս գալ։ Վերջին տվյալներով հրդեհը տարածվել է 2500-3000 ք, տարածքում։

Այս պահին կրակը մեկուսացվել է, հետհրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։