Թբիլիսիում՝ Հավլաբարի պատմական թաղամասում, Նիկո Լոմոուրիի փողոցում շենք է փլուզվել։ Ըստ Грузия Online-ի՝ փլուզումը ենթադրաբար տեղի է ունեցել հրավառության հետևանքով։
Բնակչուհի Վիկա Գասպարովան ասել է, որ շենքն արդեն իսկ վթարային էր, իսկ հրավառությունն արագացրել է փլուզման գործընթացը։
«Առավոտյան մոտավորապես ժամը չորսին արթնացանք սարսափելի ձայնից։ Հին շենքը, որն տեղով արդեն խարխուլ էր ու հազիվ կանգուն էր մնում, այնպես է խորտակվել, որ երրորդ հարկն ամբողջությամբ փլվել է։ Մենք այլևս չէինք ապրում այդ շենքում, բայց այնտեղ էինք պահում մեր իրերը։ Ներքևում՝ բակում, մի փոքրիկ տնակ էինք կառուցել։ Բեկորներն ընկել են այդ տնակի վրա։ Փլատակների տակ գազի խողովակ էլ է եղել, վախենում ենք, որ այն կպայթի»,-պատմել է Գասպարովան։
Վիկան փլուզումը կապում է «Պատվավոր թբիլիսցի» կոչմանն արժանանալու արարողության շրջանակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մեկնարկած հրավառության հետ։ Ըստ նրա՝ նախկին նախագահական պալատը, որտեղ անցկացվում էր միջոցառումը, իրենց շենքի մոտակայքում է։
Ըստ բնակչուհու՝ երեխաներին անմիջապես դուրս են բերվել շենքից, և նրանք դեռևս տատիկի մոտ են։ Նրանք փլուզումից մի քանի րոպե անց զանգահարել են փրկարար ծառայություն, հանդիպել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցչին, որն ընտանիքին առաջարկել է տեղափոխվել հյուրանոց։
Ընտանիքը չի ցանկանում լքել իր տունը: «Մենք չենք կարող անժամկետ տեղափոխվել հյուրանոց։ Մեզ չեն կարող ասել, թե որքան ժամանակ պետք է հյուրանոցում ապրենք, ուստի սպասում ենք այլ որոշման»,- ասել է է Վիկան։
Թբիլիսիի քաղաքապետարանից Netgazeti-ին հայտնել են, որ իրենց ներկայացուցիչներն արդեն հանդիպել են թաղի բնակիչների հետ և նրանց վարձակալությամբ բնակարաններ առաջարկել։ Գերատեսչությունում նշում են, որ բանակցային գործընթացը շարունակվում է։ Քաղաքապետարանից հայտնել են, որ արտակարգ իրավիճակի պատճառով մի քանի ընտանիք արդեն լքել է նշված թաղը։




























