Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել: Այս մասին, ինչպես Վիլնյուսից տեղեկացնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` դեկտեմբերի 6-ին, ելույթ ունենալով Լիտվայի մայրաքաղաքում բացված ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Այդ առիթով մտահոգություն հայտնելով` ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ԵԱՀԿ նախնական զեկույցի համաձայն` քվեաթերթիկների հետ կապված խախտումներ, դիտորդների նկատմամբ հետապնդումներ են արձանագրվել, մասնավորապես` «Գոլոս» կազմակերպության:
Խախտումների փաստերը հարկավոր է հետաքննել, ընդգծել է Քլինթոնը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ դիտորդները մասնակցել են դիտարկմանը ՌԴ իշխանությունների համաձայնությամբ, եւ հույս է հայտնել, որ պաշտոնական Մոսկվան հաշվի կառնի ԵԱՀԿ խորհուրդները:
Հիշեցնենք, որ քվեների 96%-ի մշակման արդյունքներով` Պետդումայի ընտրություններին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ձայների 49,54%-ը` կորցնելով սահմանադրական մեծամասնությունը, ՌԴԿԿ-ն` 19,16%, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն` 13,22%, ՌԼԴԿ-ն`11,66%:
Մնացած կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 7-տոկոսանոց արգելքը, ինչի պատճառով վեցերորդ գումարման Պետդումա չեն անցել: «Յաբլոկո» կուսակցությունը հավաքել է 3,3%, «Պատրիոտի Ռոսիի»-ն` 0,97%, «Պրավոյե դելո»-ն` 0,59%:



























