Թուրքիայում դատարանը, գլխավոր դատախազության պահանջով, որոշել է արգելափակել Discord մեսենջերը, դրա մասին հայտարարել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։

Նախարարի հայտարարության մեջ նշվում է, որ մեսենջերն արգելափակվել է «երեխաների նկատմամբ սեռական բռնությանն ու անպարկեշտությանն» առնչվող հանցագործությունների կասկածների պատճառով:

«Մենք վճռական ենք մեր ապագայի գրավականը՝ մեր երիտասարդներին և երեխաներին պաշտպանելու սոցիալական ցանցերում և համացանցում վնասակար, հանցավոր հրապարակումներից», - գրել է Թունչը:

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանում արգելափակվեց Discord-ը։ «Роскомнадзор»-ում պարզաբանել են, որ Discord-ի հասանելիությունը սահմանափակվել է օրենսդրական պահանջների խախտման պատճառով, որոնք «անհրաժեշտ են կանխելու մեսենջերի օգտագործումը ահաբեկչական և ծայրահեղական նպատակների, քաղաքացիների հավաքագրման, թմրանյութերի վաճառքի» և «ապօրինի տեղեկատվություն տարածելու առնչությամբ»։ Գերատեսչությունը միաժամանակ  հայտարարել է, որ մեսենջերին պահանջներ է ուղարկել արգելված բովանդակությունը հեռացնելու համար, սակայն որոշ նյութեր մնում են հասանելի։ Բացի դրանից, Discord-ը անտեսել է այն չջնջելու համար տուգանելու մասին դատարանի որոշումը:

Z-ալիքների հեղինակներն ու ռուս «ռազմական թղթակիցները» քննադատել են մեսենջերի արգելափակման որոշումը։ Նրանք նշում են, որ Discord-ը ռուսական զորքերի կողմից օգտագործվում է մարտական ​​հսկողության համար և գրում են, որ արգելափակման պատճառով որոշ հրամանատարական կետեր և շտաբներ կարող են մնալ առանց անօդաչու սարքերի հեռարձակման, և մեսենջերին այլընտրանք չկա։