Ռուսաստանյան ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
NEWS.am-ին նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ Սերժ Սարգյսանը նշել է, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական եւ բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների եւ մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման: «Ընտրություններում հաղթանակը եւս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության եւ իրավակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, երկրի քաղաքացիների կյանքի նոր որակի հաստատմանը եւ համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքի ու հեղինակության ամրապնդմանը: Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ հետագա հաջողություններ՝ նախանշված նպատակների իրականացման հարցում»,- նշել է նա:
ՌԴ կառավարության նախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում եւս Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Եդինայա Ռոսիա» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական եւ տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում: «Համոզված եմ, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի եւ հայ-ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում եւս կամրապնդենք հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ` ի նպաստ Ռուսաստանի բարեկեցության, խաղաղության եւ բարգավաճման»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:




























