Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիայի մասնակիցները` Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ, նամակներ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։
«Նամակներից մեկը Արցախի թեմի առաջնորդի անունից է` COP29–ից առաջ Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների վերաբերյալ պահանջներով, որը ևս փոխանցվեց ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակին»,-ասաց Ստեփանյանը։
Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով հասան ՀՀ ԱԳՆ շենքի մոտ։
Նախքան նամակի հանձնելը, Գեղամ Ստեփանյանն ընթերցեց նամակը, որում մասնավորապես ասվում էր. «Բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում։
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեծագույն կարևորություն ունեն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և մասնավոր գույքի պահպանության և Արցախի ժողովրդի հավաքական անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցերը»,-ասաց նա:





























