Բոլիվիայի Տարիխայի դեպարտամենտի դատախազությունը երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին կալանավորելու հրամանագիր է պահանջում՝ անչափահասների պղծման և մարդկանց թրաֆիքինգի գործով հարցաքննությանը չներկայանալու պատճառով։ Դրա մասին գրում է El Deber պարբերականը։

«Մենք արդեն աշխատում ենք, որպեսզի օրենքով սահմանված կարգով ձերբակալեն նրանց, ովքեր պատշաճ կերպով ծանուցվել են [հարցաքննությանը հրավիրվելու մասին]: Ձերբբակալման թույլտվությունը, որը կտրվի, անհրաժեշտ է, որպեսզի նրանք ցուցմունք տան»,- ըստ պարբերականի նշել է դատախազ Սանդրա Գուտիերեսը։

Մորալեսը պետք է հարցաքննության ներկայանար հոկտեմբերի 10-ին, սակայն նրա փոխարեն ներկայացել է փաստաբանը։ Ենթադրյալ բռնության ենթարկվածի ծնողները ևս պետք է ցուցմունք տան։

2020 թվականին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անիեսի կառավարության օրոք արդարադատության նախարարությունը Մորալեսի նկատմամբ հետաքննություն է սկսել անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, սակայն գործը կիսատ է մնացել:

Անցյալ շաբաթ արդարադատության նախարար Սեսար Սիլիեսը հայտարարել էր, որ պետության նախկին ղեկավարը հետաքննվում է ոչ միայն բռնաբարությունների, այլև մարդկանց թրաֆիքինգի կասկածանքով։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ Մորալեսը հարաբերությունների մեջ է մտել 15-ամյա աղջկա հետ, ինչի արդյունքում նա հղիացել է։ Նախկին նախագահն իրեն քաղաքական հետապնդումների զոհ է համարում: