Փենսիլվանիայում ուրբաթ երեկոյան մեծահասակներ եւ երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց սնկերից զանգվածային թունավորման պատճառով, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Ժամը 21.30-ին մոտ շտապ բժշկական օգնության աշխատակիցներն արձագանքել են այն տեղեկություններին, թե 11 մարդ հիվանդացել է Փիչ Բոթոմ քաղաքում սունկ օգտագործելուց հետո, տեղեկացրել է Delta-Cardiff Station 57 կամավորական ընկերությունը։

«Տեղեկացվել է, որ 11 մարդ կերել է թունավոր սնկեր, եւ նրանք բոլորը հիվանդացել են»,- նշվել է հաղորդագրությունում։ Տեղեկացվել է նաեւ, որ Յորք օկրուգում արտակարգ դրություն է մտցվել։

Նշվել է, որ շտապօգնության ստորաբաժանումներ են ուղարկվել Յորք, Լանքասթեր եւ Հարֆորդ օկրուգներից։

Մեծահասակները եւ երեխաները տեղափոխվել են Յորքի WellSpan York հիվանդանոց եւ կայուն վիճակում են, տեղեկացրել է WPMT-TV-ն։ Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը նույնպես եկել է այդ մասնավոր տուն։

Փիչ Բոթոմ փոքր քաղաքը գտնվում է Մերիլենդի նահանգի սահմանից ոչ հեռու, Փենսիլվանիա նահանգի մայրաքաղաք Հարիսբերգից մոտ 90 կիլոմետր հարավ-արեւելք։