«Մենք չենք կարող նեգատիվ արտահայտվել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով այդ կապուղիները զարգացնելու վերաբերյալ, որովհետև նախ Իրանը մեր հարևան և բարեկամ երկիրն է, և երկրորդը` դա երկու երկների ինքնիշխան հարաբերությունների հարց է, և այստեղ ՀՀ-ն որևէ դիտողություն ունենալ չի կարող»:
Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին , «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանը կարող է միայն հաջողություններ մաղթել տրանսպորտային հետագա ենթակառուցվածքների զարգացման գործում:
Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե այս նախագծի վերաբերյալ ինչ նկատառումներ ունեն այլ երկրները:
«Ռուսաստանի Դաշնության համար տարանցիկ ուղիները և´ տնտեսական, և´ քաղաքական նշանակություն ունեն: ՌԴ-ն կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերի այստեղով անցնելը կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա:
Արևմտյան մի շարք երկրների իմ տպավորությամբ, այս ճանապարհը առայժմ լավատեսության որևէ հիմք չի տալիս: Նրանց համար խնդրահարույց է. նրանք չեն ուզում, որ այդ հոսքերը լինեն Իրանի տարածքով:
Իրանի Իսլամական Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, շատերը կարող են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մրցակից համարել Իրանի տարածքով կապուղիներին:
«Սակայն հոսքերը ոչ միայն բավարար են, այլև շատ են մեր տարածաշրջանի` Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի կապուղիները ծանրաբեռնելու համար: Դեռ շատ ժամանակ կպահանջվի, որ մեր տարածաշրջանը կարողա սպասարկել այն հոսքերը, որոնք գոյանում են»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Վրաստանը նույնպես «Խաղաղության խաչմերուկ նախագծի աջակիցներից է», իսկ Թուրքիայի դիրքորոշումները կարող են համադրվել Հայաստանի դիրքորոշումների հետ տարբեր նկատառումներով:
«Ըստ էության, «Խաղաղության խաչմերուկը կարող է ռեալ ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է»,-նշեց Փաշինյանը:











