Ալեքսանդր Տվարդովսկու համանուն ստեղծագործության վրա հիմնված «Վասիլի Տերկին» ֆիլմի նկարահանումների ժամանակ տուժել է 15 մարդ։ Նկարահանման հրապարակում կոտրվել է փայտե հարթակը, հայտնել է  РЕН ТВ-ն։ Սկզբում նշվել է յոթ տուժածի մասին, սակայն հետագայում նրանց թիվն ավելացել է։

Նկարահանումները տեղի են ունեցել Լենինգրադի մարզի Տոլմաչևսկի քաղաքային ավանում։ Տուժածները տեղափոխվել են Լուգայի միջշրջանային հիվանդանոց, նրանց մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։

Դեպքի ժամանակ նկարահանման հրապարակում ներկա է եղել նաև ռեժիսոր Կարեն Գևորգյանը, նա չի տուժել։ Ըստ Գևորգյանի, վնասվածքներ է ստացել օպերատորը, տեսախցիկը կոտրվել է։ Հեռուստաալիքի հետ զրույցում  ռեժիսորը միջադեպը կրիտիկական չի գնահատել, ուստի աշխատանքը կշարունակվի։

РБК-ի հետ զրույցում Գևորգյանը պարզաբանել է, որ դեպքի վայրում նկարահանումների երկրորդ օրն էր։ Դրվագի համար կառուցվել էր փայտե հարթակ, որի վրա մարդկանց զանգված է եղել։ Ըստ ռեժիսորի, վերջին կադրի վերջին դուբլում «այս հարթակի մոտ ութերորդը» փլվել է գետնին: Նա ասել է նաև, որ ընդհանուր հաշվով հարթակին մոտ 15 մարդ է կանգնած եղել, որոնցից «6-7-ը կապտուկներ են ստացել», գրում է «Коммерсантъ»-ը։