Ուֆայում ձերբակալել են 66-ամյա մի բնակչի, որն, ըստ քննիչների, բնակելի շենքում գազաօդային խառնուրդի պայթյուն է կազմակերպել՝ հարևանին սպանելու համար, գրում է «Коммерсантъ»-ը։

Նա մեղադրվում է հանրային վտանգովոր միջոցով մահափորձի և գույքը դիտավորյալ վնասելու մասին ՌԴ ՔՕ հոդվածներով։  Կասկածյալի նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում, որոշվում է խափանման միջոցի ընտրության հարցը։

ՌԴ Քննչական կոմիտեի Բաշկիրիայի դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, կասկածյալը ցանկացել է սպանել հարևանին, որի հանդեպ անձնական թշնամանք է ունեցել։

«Այդ նպատակով կասկածյալը, գտնվելով Լադիգինա փողոցի հինգհարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում գտնվող իր բնակարանում, ապամոնտաժել է գազի ծառայության աշխատակիցների կողմից կոմունալ վճարումները չվճարելու համար տեղադրված գազատար խողովակի խցանը՝ դրանով իսկ ապահովելով գազի հոսքը իր բնակարան»,- նշվում է հաղորդման մեջ։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան սենյակը լցվել է գազաօդային խառնուրդով, և տեղի է ունեցել «ճայթյուն, որից հրդեհ է բռնկվել»։ Միջադեպի հետևանքով տուժել են 31-ամյա մի կին և ինքը՝ կասկածյալը, որն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երկու տուժածներին էլ ցուցաբերվել է բուժօգնություն, որից հետո նրանց ուղարկել են ամբուլատոր բուժման։

Խիստ վնասվել են տան մի քանի բնակարաններ, մուտքի պատուհաններն ու դռները։ Հինգ ընտանիքի՝ տասնմեկ մեծահասակի և երկու երեխայի, ժամանակավոր կացարան է տրամադրվել։ Փորձագետները շարունակում են զննել տան կառուցվածքները։