ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հոռետեսորեն է վերաբերում հեղափոխությունների կազմակերպման գործում ինտերնետի դերին: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 6-ին, ասաց Միյատովիչը` Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշեց, որ ԵԱՀԿ երկրների մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել է եւ կքննարկի լրատվամիջոցների ազատության հարցը: Նրա խոսքով` այօր լրատվամիջոցների ազատությունը կարեւորագույն հարցերի շարքում է: Ըստ նրա` խոսքը վերաբերում է նաեւ սոցիալական ցանցերին: «Դրանք այն մարդիկ են, ում պետությունը դիտարկում է որպես վտանգի աղբյուր եւ փորձում է խանգարել տեղեկատվության փոխանակմանը կիբերտարածությունում»,- նշեց Միյատովիչը:
Խոսելով ինտերնետի դերի մասին հեղափոխությունների կազմակերպման գործում` Միյատովիչը կարծիք հայտնեց, որ ինտերնետի դերը հեղափոխությունների նախապատրաստման գործում չափազանցված է: «Ինտերնետը չի հանգեցնում հեղափոխության: Հեղափոխությունն իրականացնում են մարդիկ, եւ ոչ թե տեխնիկան: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ինտերնետ չկար»,- նշեց Միյատովիչը:




























