Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԿԸՀ նախագահի հետ հանդիպմանը պահանջել է հետաքննել Պետդումայի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բոլոր խախտումները, նաեւ «մեղմ» պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը` նշելով, որ «Ռուսաստանի քաղաքական համակարգը երկրի ներքին գործն է»:

Դեռ երեկ Մեդվեդեւը նշել էր, թե որեւէ խախտում եւ վարչական ռեսուրսի կիրառում չի նկատել. «Ես ինչ-որ հոլովակներ եմ նայել, այնտեղ ոչինչ չկար: Կարող եմ ասել իմ տպավորությունը, «Եդինայա Ռոսիան» ստացավ այն, ինչ պիտի ստանար, ոչ ավելի, ոչ պակաս»:

ԿԸՀ-ն ավելի կտրուկ է արձագանքել: «Թող տիկին Քլինթոնը ուշադրություն դարձնի իրենց ընտրություններին»,- «Ինտերֆաքսին» ասել էր ՌԴ ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը:

Նշենք, որ Հիլարի Քլինթոնը լուրջ անհանգստություն էր հայտնել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: