Անցյալ տարվա ապրիլին մի քանի ծնողներ ահազանգեցին, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լարիսա Մովսիսյանը լսեց իրենց, հանդարտեցրեց, պայմանավորվածություն եղավ, որ միգուցե ձեր կարծիքն ուրիշ է, միգուցե այդ փաղաքշանքը դիտում եք ուրիշ ձեւ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ջոն Կիրակոսյանի անվամ թիվ 20 դպրոցի ուսուցչուհի Անահիտ Խոսրովյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ դպրոցում տեղի ունեցած դեպքին, երբ ԱԱԾ-ն ներխուժել եւ բերման էր ենթարկել ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, որը մեղադրվում է աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ:
«Նախաքննություն է ընթանում, ես ավելորդ բաներ չեմ կարող ասել: Աղջիկների ծնողներից էին անհանգստացած: Կա դեպք, ուսուցիչը կպատժվի: Սա միանշանակ է: Քննչականում մեզ ասացին, որ ունեն տեսագրություններ:
Շատ դպրոցներում դեպքեր են լինում, բայց պարտադիր էր, որ ԱԱԾ-ն գար, անպայման շոու լիներ, թնդար դպրոցը: Դա արվեց, որովհետեւ պետք էր, որ ասեին՝ թույլ եք աշխատում, տնօրենի ԺՊ-ն լավ չի աշխատում: Խուլիգանական քայլ արվեց ուսուցչի դեպքում, թեկուզ ուսուցիչը մեղավոր էր: Իրենք կարող էին լրիվ ուրիշ կերպ լուծումը տալ»,-ասաց նա:
Նշենք, որ հինգշաբթի օրը ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ով մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Իսկ արդեն այսօր հայտնի դարձավ, որ տնօրենի պաշտոնակատար են բերում դրսից թեկնածուի, որն իմանալով մի շարք ծնողներ եկել էին դպրոց իրենց բողոքը հայտնելու:
Որպես դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվել է Քրիստինե Դումանյանը, որի ամուսինը ԱԱԾ-ում է աշխատում։





























