Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր` դեկտեմբերի 6-ին, որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվել է, որ 2011 թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4.8%` վերադառնալով 4%±1.5 թույլատրելի միջակայք:
Նշվել է, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները բացակայում են: Միաժամանակ` դեռեւս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները: Մյուս կողմից` ՀՀ տնտեսությունից նույնպես գնաճային ռիսկեր չեն ակնկալվում:
ԿԲ կարծիքով` ՀՀ տնտեսությունը զարգանում է 2011 թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, իսկ 12-ամսյա հորիզոնում գնաճը մեծ հավանականությամբ կգտնվի 4%±1.5 թույլատրելի միջակայքում: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում իրականացնել չեզոք դրամավարկային քաղաքականություն:



























