Օրեր առաջ ԱԺ-ում արձանագրված միջադեպը, երբ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») ԱԺ նիստի ժամանակ հայհոյել էր ընդդիմադիր պատգամավորին, այսօր կրկնվեց` դերերի եւ «բեմադրության» նվազագույն փոփոխությամբ:

Մի քանի օր առաջ Մովսիսյանը խախտել է կոռեկտութան սահմանները նիստերի դահլիճում` պատգամավորական աթոռից հնչեցնելով վիրավորական արտահայտություններ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հասցեին, որն այդ պահին ելույթ էր ունենում: Դրանից հետո Մովսիսյանը լքել էր դահլիճը:

Այսօր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս որպես ԱԺ փոխխոսնակի թեկնածու պատասխանում էր պատգամավորներից մեկի հարցին, կապված իր կենսագրության հետ, ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներից Հովհաննես Սահակյանը տեղից սկսել է ռեպլիկներ նետել: Դա խանգարելով ելույթ ունեցողին, դժգոհել է, թե դա մի ուրիշ ժամանակ հարցրեք: Նա, ըստ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, ձեռքերը թափահարելով իր վրդովմունքը հայտնեց ու թողեց դուրս եկավ դահլիճից:

Արմեն Մարտիրոսյանից հետո ամբիոնին մոտեցավ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Լարիսա Ալավերդյանը, ով խիստ քննադատեց ՀՀԿ «երիտասարդ պատգամավորի անթույլատրելի եւ անարգո պահվածքը, նիստի նկատմամբ բացահայտ անարգանքի դրսեւորումը»` չտալով նրա անունը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ԱԺ նիստերի դահլիճում Արմեն Մարտիրոսյանի ելույթի պահին ժխոր է առաջացել եւ «Ժառանգության» պատգամավորը ստիպված է եղել մի պահ ընդհատել ելույթը: Դա զայրացրել է «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է հանրապետական պատգամավորին. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: Այդ ի՞նչ ձեւ ես խոսում» արտահայտությամբ: Մովսիսյանին կարգի է հրավիրել նաեւ Ստեփան Սաֆարյանը: Հանրապետական պատգամավորը դրանից հետո լքել էր նիստերի դահլիճը: