Աթենքում, երկրի խորհրդարանի շենքի դիմաց բախումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է երեք ոստիկան, երեք մարդ ձերբակալվել է, հաղորդում է ոստիկանությունը:
Ցուցարարների ու ոստիկանական ուժերի բախումները տեղի են ունեցել ոստիկանի ձեռքով սպանված 15-ամյա երիտասարդի մահվան 3-րդ տարելիցին նվիրված ակցիայի ժամանակ:
2008-ին տեղի ունեցած այս դեպքը հանգեցրել էր զանգվածային ցույցերի ու անկարգությունների Աթենքում եւ Հունաստանի այլ խոշոր քաղաքներում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Սեւ հագնված մարդկանց խումբը, փակ դեմքերով ոստիկանության ուղղությամբ քարեր ու դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել: Դրանցից մեկը պայթել է ոստիկանի ոտքերի տակ: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Ցույցերն Աթենքում կշարունակվեն մինչեւ ուշ երեկո, երբ խորհրդարանը կսկսի քննարկել 2012-ի բյուջեի նախագիծը, որով խիստ տնտեսական միջոցառումներ են նախատեսված` ԵՄ-ից ու ԱՄՀ-ից վարկեր ստանալու դիմաց:



























