Հայաստանի Ազագային ժողովի փոխնախագահ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուրադ Շարմազանովը: Նրա օգտին քվեարկել է 92 պատգամավոր 98 քվեարկողից: Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության թեկնածու Արմեն Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 6 պատգամավոր:

Ընտրություններին նվիրված արտահերթ նիստի ավարտից րոպե առաջ ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը հրավիրել է Շարմազանովին փորձարկել ԱԺ փոխնախագահի բազկաթոռը, որը մինչեւ այս ինքն է զբաղեցրել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն իր դեկտեմբերի 1-ի խորհրդի նիստում որոշել է այդ պաշտոնում առաջադրել Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը:

ՀՀ  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի կենսագրությունը

Էդուարդ Հովսեփի Շարմազանովը ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

1997թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

Մանկավարժական գիտությունների թեկնածու: Թեման` «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»: Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

1995թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը: 1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում` որպես ուսուցիչ, 2002-2005թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ, 2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական:

2003թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին եւ մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։

2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։

2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ  «Գարեգին Նժդեհ» մեդալով:

2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:ՀՀԿ մամուլի խոսնակ: 2011թ.  դեկտեմբերի 6-ին ընտրվել  է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: