Նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գիշեր Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում տեղի ունեցած սպանությունից:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սերոբ Ս․-ն է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին , ժամը 01։00-ի սահմաններում Նոր Ուղի գյուղի Թումանյան 18 հասցեում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև դանակով  հարվածել է Սերոբ Ս․-ի եղբոր՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Կայքի տեղեկություններով՝ ժամը 02։35-ի սահմաններում Գալուստ Գ․-ն ոստիկանների ու պարեկների կողմից հայտնաբերվել է ու երբ նրան փորձել են վնասազերծել, նա տարօրինակ շարժումներ է արել: Ոստիկաններից մեկը նկատել է, որ նա ձեռքի միջից փորձում է հանել դանակը: Ոստիկանները  դանակը խլել են, նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։

Հայտնաբերված դանակի վրա առկա է եղել արնանման հետքեր և ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը  հանցագործության գործիք հանդիսացող դանակն է, որը Գալուստ Գ․-ի հետ միասին ոստիկանները ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ կասկածյալը ձերբակալվել է։