ԱՄՆ-ը չի պատրաստվում ընդառաջել Կիեւի խնդրանքին՝ խփել ռուսական հրթիռներն ու անօդաչուները Ուկրաինայի օդային տարածքում Մոսկվայի հետ միջուկային հակամարտություն սկսվելու ռիսկի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Politico-ի եվրոպական տարբերակը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զայրացել էր այն պատճառով, որ ԱՄՆ-ը մասնակցում է Իսրայելի դեմ Իրանի գրոհների հետմղմանը, բայց հրաժարվում է օգտագործել իր զինված ուժերը ռուսական հրթիռների ոչնչացման համար։ «Կոշտ պատասխանը, որն ուկրաինացիներին, գուցե, դուր չգա, այն է, որ մենք կարող ենք ռիսկի գնալ եւ խփել իրանական հրթիռներն Իսրայելում՝ ուղիղ պատերազմ չծավալելով Թեհրանի հետ, որը կարող է հանգեցնել միջուկային հակամարտության։ Դա Ռուսաստանի հետ անելու փորձը կապված է շատ ավելի մեծ ռիսկի հետ»,- պարբերականին բացատրել է աղբյուրը Սենատում։ Ինչպես ավելացրել են Politico-ում, նման տեսակետ են հայտնել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ։
Թերթը նաեւ նշել է, որ Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար Վաշինգտոնը հակաօդային պաշտպանության բավականաչափ համալիրներ ունի՝ տեղակայված նավերի վրա։ Բայց ռուսական հրթիռների եւ անօդաչուների ոչնչացման համար Ուկրաինայի օդային տարածքում, որն իր տարածքով զգալիորեն գերազանցում է Իսրայելի տարածքը, ԱՄՆ-ը ստիպված կլինի այնտեղ ուղարկել իր ՀՕՊ ցամաքային համալիրները եւ կործանիչները։ Նման միջոցները կհանգեցնեն ուղիղ բախման Ռուսաստանի Զինված ուժերի հետ, ինչից Սպիտակ տունը կցանկանար խուսափել, նշել է Politico-ն։
Մինչ այդ Պենտագոնի մամուլի քարուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը տեղեկացրել էր, որ Արեւմուտքի զինված ուժերի կողմից ՌԴ հրթիռների ոչնչացումն Ուկրաինայում կնշանակեր ԱՄՆ ներգրավում հակամարտությանը։ Նա այդ կերպ է մեկնաբանել ռուսական հրթիռները Լեհաստանի կամ Ռումինիայի տարածքում խփելու հնարավորության մասին հարցը։





























