Հոնկոնգի ոստիկանությունը պնդում է, որ տղամարդիկ սիրային խարդախության զոհ են դարձել, որն արհեստական ​​բանականության վրա հիմնված դիփֆեյքեր է օգտագործել՝ իրենց զոհերին խաբելու նպատակով, նրանցից արդյունքում ավելի քան 46 միլիոն դոլար կորզելով, հայտնում է CNN-ը:

Դիփֆեյքերը բաղկացած են արհեստական ​​ բանականության միջոցով ստեղծված՝ իրականին մոտ կեղծ տեսանյութերից, աուդիո և այլ բովանդակությունից:

Հոնկոնգի ոստիկանության տվյալներով՝ խաբեությունը սովորաբար սկսվում էր տեքստային հաղորդագրությունից, որտեղ ուղարկողը, ներկայանալով որպես գրավիչ կին, ասում էր, իբր սխալ համար է մուտքագրել: Այնուհետև խաբեբաները առցանց սիրավեպեր են սկսել իրենց զոհերի հետ՝ ստեղծելով մտերմության ավելի ուժեղ զգացում այն աստիճան, որ զոհերը սկսել են պլանավորել համատեղ ապագան:

Կասկածյալները, ենթադրաբար, համագործակցել են արտերկրում ՏՏ ոլորտի մասնագետների հետ՝ ստեղծելու համար կեղծ կրիպտոարժույթի հարթակ, որտեղ զոհերին ստիպում են ներդրումներ կատարել, հավելել են ոստիկանությունից:

Երկուշաբթի մամուլի ասուլիսում Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է ենթադրյալ հանցավոր խմբավորման երկու տասնյակից ավելի անդամների ձերբակալության մասին, որոնց թիրախում էին՝ Թայվանից մինչև Սինգապուր և նույնիսկ Հնդկաստանում ապրող տղամարդիկ: 

Ոստիկանությունը հայտնել է, որ 21 տղամարդ և վեց կին ձերբակալվել են խարդախության նպատակով դավադրության մեղադրանքով Հոնկոնգում ավազակախմբի ենթադրյալ օպերատիվ կենտրոնի վրա կատարված արշավից հետո:

Ոստիկանության տվյալներով՝ 21-34 տարեկան կասկածյալները՝ հիմնականում լավ կրթված մարդիկ, շատերն ավարտել էին թվային մեդիա և տեխնոլոգիական ոլորտի ուսումնական հաստատություններ, որոնց բանդան, ենթադրաբար, հավաքագրել էր տեղական համալսարաններում սովորելուց հետո: