Ֆրանսիայի Մարսել քաղաքում, դեկտեմբերի 7-8-ը տեղի կունենա Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսը, որին հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ըստ ԵԺԿ հաղորդագրության, ԵԺԿ կոնգրեսին մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ու վարչապետ Էմիլ Բոցը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդտը, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Մալթայի վարչապետ Լոուրենս Գոնցին, Ֆինլանդիայի վարչապետ Յիրկի Կատայնենը եւ Պորտուգալիայի վարչապետ Պեդրո Պասոս Կոելյոն:
Մարսելում կլինեն նաեւ Իսպանիայի ընտրություններում հաղթանակ տարած եւ հավանական վարչապետ Մարիանո Ռախոյը, ինչպես նաեւ ԵՄ-ին չանդամակցող երկրների ղեկավարներից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետ Վլադ Ֆիլատը, Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Նիկոլա Գրուեւսկին եւ Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան:
ԵԺԿ մարսելյան կոնգրեսի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոն, Եվրոպական Խորհրդարանի խոսնակ Եժի Բուզեկը, Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբի նախագահ Ժոզեֆ Դոլը:
ԵԺԿ անդամ կուսակցությունների` ներկայումս իշխանության մեջ չգտնվող առաջնորդներից կոնգրեսին կմասնակցեն Անտոնիս Սամարասը Հունաստանից, Նիկոս Անաստասիադեսը Կիպրոսից, Լարս Բարդֆյոդը Դանիայից, Էռնա Սոլբերգը Նորվեգիայից, ինչպես նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Կոնգրեսի նախաձեռնողներն են ԵԺԿ-ն ու Ֆրանսիայում իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, որոնց գլխավոր քարտուղարները` Անտոնիո Լոպես-Իստուրիցն ու Ժան Ֆրանսուա Կոպեն, նույնպես կլինեն Մարսելում:
Կոնգրեսի շրջանակներում տեղի կունենա եվրոպական երկրների ու կառավարությունների գագաթաժողովը, ինչպես նաեւ մի շարք թեմատիկ քննարկումներ:
Տեղեկացնենք, որ ԵԺԿ-ն համաեվրոպական խոշորագույն կուսակցությունն է, որը միավորում է քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական ուղղվածության կուսակցություններին: Կուսակցության մեջ ընդգրկված են ԵՄ անդամ 26 երկրների եւ եվրոպական եւս 13 երկրների 72 կուսակցություններ: ԵԺԿ-ն այսօրվա դրությամբ եվրոպական կառույցներում ամենածանրակշիռ ներկայություն ունեցող կուսակցությունն է. Եվրոպական Հանձնաժողովում 27 պորտֆելներից 13-ը, ԵՄ խորհրդի 27 պորտֆելներից 17-ը պատկանում են ԵԺԿ-ին: Խորհրդարանական մարմիններում եւս ԵԺԿ-ն խոշորագույն խմբերն ունի. Եվրոպական Խորհրդարանում 736-ից 264-ը, իսկ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում` 318-ից 203-ը:
Այսօր ԵՄ 14 եւ եվրոպական եւս 6 երկրներում ԵԺԿ անդամ կուսակցություններն իշխող են կամ ընդգրկված են իշխող կոալիցիաներում:
Հիշեցնենք, որ ԵԺԿ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել նաեւ հայաստանյան 4 կուսակցություններ. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»:
Նոյեմբերի վերջին փաստահավաք առաքելությամբ, Հայաստան էր ժամանել ԵԺԿ պատվիրակությունը` ԵԺԿ փոխնախագահ Եվրապառլամենտի պատգամավոր Քորիան Ուորթման-Կուլի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպել է նշված 4 ուժերի ներկայացուցիչների հետ:



























