Ռուսաստանի Գերագույն դատարանը հաստատել է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման օրինականությունը՝ ֆիզիկոս Անատոլի Գուբանովին 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում պետական դավաճանության գործով (ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդված):

Գործի մանրամասները չեն բացահայտվում, քանի որ խոսքը գաղտնի նյութերի մասին է, գրում է «Коммерсантъ»-ը։

66-ամյա Անատոլի Գուբանովը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դոցենտ է և Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի (ЦАГИ) բաժնի վարիչ։

Գիտնականն ինստիտուտում ղեկավարել է ինքնաթիռների և հրթիռների աերոդինամիկան հետազոտող բաժինը։ Նրա ենթական՝ 70-ամյա ֆիզիկոս Վալերի Գոլուբկինը, 2023 թվականի հունիսին նմանատիպ մեղադրանքով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Գուբանովը կալանավորվել և տեղափոխվել է քննչական մեկուսարան 2020 թվականի դեկտեմբերին։ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության քննիչները նրան կասկածում էին ավիացիոն արդյունաբերության գաղտնի զարգացումները արտասահման տեղափոխելու մեջ։

2023 թվականի հոկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը գիտնականին 12 տարվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի գաղութում։ Այդ լսումները ևս անցկացվել են փակ դռների հետևում։ Մեղադրող կողմը նրա համար պահանջել է 13 տարի ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում։