ՆԱՏՕ-ի անդամների ակտիվությունը, լինի դա ադրբեջանական, թե հայկական ուղղությամբ, հանգում է մի բանի՝ Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման ևս մեկ ասպարեզի, տարածաշրջանի երկրներին իրար դեմ հանել, հետո ինչ-որ կերպ կորզել սեփական օգուտը:

Դրա մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արևմուտքի հետ Բաքվի սերտ համագործակցության և Ուկրաինային աջակցության մասին հայ լրագրողի հարցին։

«Մենք պատասխանել ենք հարցին և ակտիվորեն խոսել ՆԱՏՕ-ի և ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ԵՄ-ի գործունեության ապակառուցողական բնույթի մասին՝ որպես մեզ կցված՝ պարբերաբար ամենուր կործանարար {ազդեցություն թողնող) կառույցի, բայց հիմա արդեն նաև Հարավային Կովկասում։

Այս բոլոր գնահատականները դեռևս արդիական են։ Որտեղ էլ հայտնվում է այդ ագրեսիվ դաշինքը, գծվում են նոր բաժանարար գծեր, պարտադրվում է առճակատման օրակարգ, և ամենակոպիտ ձևով տեղի է ունենում միջամտություն ինքնիշխան երկրների ներքին գործերին»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ այս տարածաշրջանում որոշումները պետք է ընդունեն տարածաշրջանի երկրները։

«Ուրբաթ անցկացվելիք («3+3» հարթակ-խմբ.) ձևաչափը, որը պետք է անցկացվի Թուրքիայում դրա հնարավորության հիանալի հաստատումն է։ Կան նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ մեխանիզմներ։ Այդ ամենը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության։ Այս դիրքորոշումը մենք փոխանցում ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Ինձ թվում է՝ մեզ լսում են ու հասկանում։ Ուրիշ բան, որ, իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ բավականին դժվար է հակաճառել Արևմուտքին, եթե դու գոնե մեկ անգամ ցույց ես տվել զիջողականությունդ և անկախությունդ դրել խաղադրույքի վրա»,- հավելել է նա։