Հայաստանում կրիպտոակտիվներով անկանխիկ գործարքների կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հոկտեմբերին 18-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Այսպիսով, կրիպտոակտիվների հետ կապված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ:
«Հաշվի առնելով այն քննարկումները, որ ունեցել ենք տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչպես նաև այն, որ կա Կենտրոնական բանկի շրջանառվող օրենսդրական նախաձեռնություն, Կառավարությունը, ոլորտում ճգնաժամային իրավիճակից խուսափելու տրամաբանությամբ, առաջարկում է նոր կարգավորումներ մտցնել 2026թ.-ի հունվարի 1-ից։ Կարծում ենք նաև, որ սա բավարար ժամանակահատված է կրիպտոակտիվների շրջանառության հետ կապված հարաբերությունները հարկային տեսանկյունից կարգավորելու և օրենսդրական այս նախաձեռնությունն ընդունելու համար»,- ասաց Սարգսյանը։
Որոշ քննարկումներից հետո մշտական խորհրդարանական հանձնաժողովն այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց։



























