21-ամյա Սոնա Ստեփանյանի մայրը՝ Մերի Միլիտոնյանը պնդում է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների վատ վերաբերմունքի ու անփութության հետևանքով է մահացել իր դուստրը։ NEWS.am-ի հետ զրույցում Մերի Միլիտոնյանը պատմեց, որ դուստրը դեղորայք է խմել, ինչից թունավորվել է։
«4,5 ամիս աղջիկս ամուսնացած է եղել, ամուսնացել էր ամուսնացած և 2 երեխա ունեցող տղամարդու հետ, երեխան ինձ պատմեց, որ ամուսինը սկսել է իր նախկին կնոջ հետ շփվել։ Թե իրենց ընտանիքում ինչ է կատարվել, որ ինքը դեղ է խմել, չգիտեմ, բայց աղջիկս այնպիսի երեխա չէր, որ նման քայլի գնար, շատ ուժեղ էր։ Տարել են հիվանդանոց, առաջին բուժօգնություն ցուցաբերել են, ստամոքսի լվացում արել ու ուղարկել տուն։ Հաջորդ օրը ես աղջկաս վիճակը վատ էր, նորից տարել եմ հիվադանոց, ընդունարանում շատ կոպիտ էին, մտածում էին՝ աղջիկս անտեր էր»,- պատմեց մայրը։
Մերի Միլիտոնյանն ասաց, որ 2 անգամ են դստերը հիվանդանոց տարել, երկու անգամն էլ, իր խոսքով, վատ են վերաբերվել. «Ես մտնում եմ հիվանդանոց, աղջիկս ինձ ասում է՝ մամ, ինձ դեղ բերե՞լ ես, բժիշկներն ինձ չեն ներարկել, ասում եմ՝ ո՞նց են ներարկել, ես սենյակից դուրս եմ գալիս, բժիշկները երեխայիս հարվածում են, թե ինչու ես նման տեղեկություն տվել մորդ։ Ես մտնում եմ, տեսնում եմ, որ աղջիկս քնած է, արթնացնում եմ, ասում է՝ մամ, ինձ էստեղ հարվածում են։
Ամսի 6-ին տարել եմ, 7-ի երեկոյան ինձ զանգում են հիվանդանոցից ու ասում են՝ հիվանդին կորցնում ենք։ Գնում, հասնում եմ ու էլի դեղեր են ուզում ինձնից, էլի ես դեղերը գնում ու հասցնում եմ։ Երեխաս 2 ժամ փսխել է, սակայն օգնություն ցույց չեն տվել։ Այդ ընթացքում բժիշկները մեզ կանգնեցնում են փաստի առաջ, ասում են՝ կամ դիալեզ ենք անում, կամ՝ ոչ, երկու դեպքում էլ կարող է մահանալ։ Լուսաբացին աղջիկս մահացել է։ Թող այդ բժիշկներն ապրեն այն, ինչ ես եմ հիմա ապրում իրենց մեղքով»։
Մահացած աղջկա մայրը մեղադրում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի բժիշկներին։
Նշենք, որ դեպքին անդրադարձել է նաև «Արմենիա» ԲԿ-ն, նշելով, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ է ընդունվել քաղաքացի Ս.Ս.-ն՝ թունավորման ախտանիշներով: Նախնական զննման ընթացքում Ս.Ս-ն տեղեկացրել է բժշկին, որ ընդունել է 59 հատ «Կոլխիցին» դեղահաբ: Բուժառուն անմիջապես տեղափոխվել է տոքսիկոլոգիական բաժանմունք՝ բուժումը սկսելու նպատակով: Որոշ ժամանակ անց բուժառուն հրաժարվել է բուժօգնությունից և ցանկություն հայտնել լքել բուժհաստատությունը: Ինչպես բուժառուին, այնպես էլ նրանց հարազատներին, ներկայացվել է բուժհաստատությունը լքելու վտանգները և հետևանքները, ներառյալ՝ հավանական մահը: Սակայն, ցավալիորեն, և՛ բուժառուն, և՛ նրա հարազատները պնդել են իրենց ցանկությունը: Առկա է բուժառուի ձեռքով գրված հրաժարականը, որի տակ դրված է նաև հարազատների ստորագրությունը: Հաջորդ օրը, հոկտեմբերի 6-ին, բուժառուն ավելի ծանր վիճակում կրկին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունք, որտեղից հոկտեմբերի 7-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենիա» ԲԿ մուտք գործելու պահից բուժանձնակազմի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և հոկտեմբերի 8-ին, ժամը 11.20-ի սահմաններում արձանագրվել է բուժառուի կենսաբանական մահը:
«Սուր թունավորումների և մի շարք այլ պարագաներում, և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում ընդունված բժշկական ընթացակարգերը նախատեսում են, բուժառուի շարժողականության սահմանափակում՝ ինքնավնասման վտանգը չեզոքացնելու նպատակով: Իսկ գիտակցության կորստի պարագայում, նույն միջազգային ընթացակարգերը նախատեսում են ցավ պատճառելու միջոցով հիվանդի գիտակցության առկայության ստուգումը կամ հիվանդին գիտակցության բերելը»,- հայտարարել են հիվանդանոցից։





























