Ներքաղաքական որեւէ օրակարգ չկա, որովհետև չկա ներքին քաղաքականություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Ցավոք, վաղուց արդեն Հայաստանը դարձել է խամաճիկ՝ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական ուժերի ձեռքին, և ներքաղաքական օրակարգերը սկսվում և ավարտվում են հեծանվավազքերով, կամ հայհոյախառն կռիվներով՝ տարբեր հարթակներում: Այնպես որ այստեղ քննարկելու հարց էլ չկա, ես չեմ պատրաստվում քննարկել ինչ-որ մեկի կռիվը մյուսի հետ»,-ասաց նա։

Խոսելով տարածաշրջանային հիմնախնդիրների մասին, Քոչարյանը նկատեց, որ այստեղ ամեն ինչ բավական լուրջ է, քանի որ աշխարհում ջնջվել են բոլոր գծերը։

«Կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքական մոզայկայում այլևս չկա որևէ խաղի կանոն։ Այլ հարց է, որ այս ամենը երևի կբերի նոր խաղի կանոններ, երբ՝ չեմ կարող ասել։ Պարզ է, որ ամեն ինչն ավարտվելուց հետո։ Մեզ համար ցավալին այն է, որ այդ ամեն ինչը մեզ շատ մոտ է՝ և՛ Իսրայելի տարածաշրջանում տեղի ունեցողը, և՛ Իրանի հետ կապված զարգացումները, ինչպես նաև Վրաստանում ընտրությունները։ Կարծում եմ՝ Վրաստանի զարգացումներին են սպասում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, որովհետեւ հասկանում են՝ դրանից հետո է պարզ լինելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական վեկտորի կոնտուրները ուրվագծվելու են»,-ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ այս ամենի ֆոնին մեր խնդիրն այն է, որ ՀՀ-ն որպես պետություն զրկված է իմունիտետից, ասինքն չկա որևէ փաստացի անվտանագության բարձիկ, ուժ։

Նա խոսեց նաեւ խաղաղության պայմանագրից՝ նշելով. «Հայաստանից, երբ բոլոր առիթներով հայտարարում են, որ պատրաստ են, հենց այսօր, այս վայրկյանին բերեք ստորագրենք, այնտեղից փաստացի ուղարկում են հայտնի տեղ։ Այս ամենի ֆոնին ասել, որ մեզ հետ ոչինչ չի լինի, ինձ ու մեր տուն չի հասնի, պետք է լինես բացարձակ անմեղսունակ։ Ասում են՝ դե Արցախը մերը չէր, ես չգիտեմ՝ Սյունիքի, Գեղարքունիքի մասով ինչ են ասելու: Երեւի ասելու են այն, ինչը Կիրանցի մասով ասացին: Համենայնդեպս, ես ոչ մի լավատեսական բան գոնե մոտակա 6 ամիսներին չեմ սպասում»,-ասաց նա և նկատեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչի շուրջ կպայմանավորվեն աշխարհի մեծերը: