Այսպիսի չհամակարգված, այսպիսի տգետ ու անպիտան կադրային բազա պետական համակարգում երբեւէ չի եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը ճանաչում է շատ մարդկանց, որոնց առաջարկել են աշխատել այս կառավարության հետ, սակայն վերջիններս մերժել են, քանի որ հնարավոր չէ աշխատել նրանց հետ:
Նա հայտարարեց, որ Հայաստանից հեռանում են, որովհետեւ ապագա չեն տեսնում. «ՔՊ-ի Հայաստանում հայերը չեն տեսնում ապագա: Իրենք խաբել են, որ ասել են՝ ապագա կա: Ապագան առաջին հերթին կապվում է անվտանգության հետ, իսկ անվտանգություն չեն տեսնում: 4 տարի խաբել են, ասելով՝ խաղաղություն: Հասկանալի է, որ խաղաղություն բոլորն են ուզում: Իրենք գիտեն, որ բոլորն են ուզում խաղաղություն, եւ դրա վրա խաղացել են 4 տարի»,-ասաց նա:
Քաղտեխբնոլոգի խոսքով, ընդդիմության ամենամեծ խնդիրն ու թույլ կետն այն է, որ 4 տարվա մեջ այդպես էլ չներկայացրեցին խաղաղության այլընտրանքային կոնցեպտ։
«Որ քաղաքական ուժը, գործիչը, որ պահին ներկայացրեց խաղաղության այլընտրանքային կոնցեպտ, ես ձեզ խոստանում եմ, որ այդ պահից սկսած ՔՊ-ին կմնա ընդամենը մի քանի օր: Բայց այդ կոնցեպտը պետք է հիմնավոր լինի: Այսինքն՝ մարդկանց պետք է բացատրել, թե ինչպես լինելու այդ խաղաղությունը: Ասել, որ հետ կբերենք Արցախը, հյասկանալի է, որ հիմարություն է»,-ասաց նա։
Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի այդ այլընտրանքային կոնցեպտը, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ ամենարդյունավետը վրացական կոնցեպտը կարող է լինել. «Վրաստանը հայտարարել է, որ ընդունում է եվրոպական արժեքները, Եվրոպայի հետ է աշխատում, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանին, Իրանին կամ Չինաստանին հանում է որպես թշնամի: Միգուցե այս սրված պայմաններում Արևմուտքին դուր չի գալիս այդ բալանսը, բայց, ընդհանուր առմամբ, դա անվտանգության բարձիկ է ստեղծում Վրաստանի շուրջ»,-ասաց քաղտեխնոլոգը:



























