Հնդկական մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներում դրված ռումբերի մասին ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են հնչել այս շաբաթ, որոնք վախ են ստեղծել ուղևորների շրջանում և հանգեցրել չվերթերի ուշացումների, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:
Բոլոր չվերթերը բարեհաջող վայրէջք են կատարել, սակայն մի շարք սպառնալիքների պատճառով ինքնաթիռները ուղղվել են դեպի Կանադա և Գերմանիա, իսկ Մեծ Բրիտանիայի և Սինգապուրի վրայով թռիչքի ընթացքում ինքնաթիռներին կործանիչներ են ուղեկցել: Հնդկաստանի կառավարությունը և քաղաքացիական ավիացիայի մարմինները նախազգուշացրել են, որ «շատ խիստ միջոցներ» կձեռնարկվեն։
Նյու Դելիի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը չի հայտնել, թե քանի սպառնալիք է ստացվել անցած շաբաթվա ընթացքում, սակայն, ըստ The Times of India-ի և News18 հեռարձակողի, հոկտեմբերի 13-ից ի վեր եղել է ավելի քան 70 կեղծ հաղորդում, որոնք վերաբերել են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթերին:
Միայն շաբաթ օրն առնվազն 30 կեղծ սպառնալիք է ստացվել։ Չվերթերի ուշացումները լրջորեն են անդրադարձել ավիափոխադրումների ժամանակացույցի և ծախսերի վրա:
Առնվազն մեկ մարդ՝ անչափահաս, ձերբակալվել է Հնդկաստանում, սակայն սպառնալիքները շարունակվել են։
Ըստ The Indian Express-ի, X սոցիալական ցանցի անանուն հաշիվը կասեցվել է ուրբաթ և շաբաթ օրերին ռումբի մասին առնվազն 40 սպառնալիքներից հետո: Դրանք վերաբերել են ինչպես հնդկական, այնպես էլ միջազգային ավիաընկերություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի:





























