Լեհաստանի թաղման բյուրոն ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ դիակը, որը նա տեղափոխում էր, դիակառքից ընկել է ճանապարհի վրա, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լեհական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ ուրբաթ օրը Լեհաստանի հարավարևելյան Ստալովա Վոլա քաղաքի փողոցով անցնող մեքենայի դիմապակին հանկարծ փակվել է սավանով։

Երբ սավանը ցած է սահել, վարորդը ճանապարհին ընկած դիակ է տեսել։ Նա մի պահ վախեցել է, որ վրաերթ է կատարել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դիակն ընկել է ճանապարհով ընթացող դիակառքից։

Դիակը տեղափոխող ընկերությունը՝ Hades թաղման ծառայությունը, շաբաթ օրը հայտարարություն է տարածել՝ ստանձնելով միջադեպի պատասխանատվությունը և պատճառաբանել դիակառքի տեխնիկական անսարքությամբ: