Ամանորի նախօրեին ձվի շուկայում խուճապն ու դեֆիցիտը բացառվում է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փորձագետ, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանը: Նրա տեղեկացմամբ` Հայաստանում արդեն պահուստավորված է 5 մլն հատ ձու, սպասվում է եւս 5 մլն հատ ձվի ներկրում, իսկ տեղական թռչնաֆաբրիկաները կարտադրեն մոտ 35 մլն հատ: Ըստ Մ. Եփրեմյանի` դա լիուլի բավարար է ձվի պահանջարկը բավարարելու համար:

Հիշեցնենք սակայն, որ անցյալ տարի եւս, որպես Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն, Մ. Եփրեմյանը բացառում էր ձվի թանկացումը, սակայն Ամանորի նախօրեին ձուն թանկացավ գրեթե 3 անգամ: Այս անգամ, ըստ Մ. Եփրեմյանի, ձու արտադրողները եւ գյուղնախարարությունը անհրաժեշտ դասեր են քաղել նախորդ տարվա ճգնաժամից, եւ նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տանում: Ձվի ճգնաժամը Մ. Եփրեմյանը պայմանավորում է սպառողների վարքագծով, որոնք անհիմն ձու են կուտակում սառնարաններում:

Ըստ Մ. Եփրեմյանի` հայերն աշխարհի «ամենաձվակեր» ազգերի թվում են` տարեկան յուրաքանչյուրը սպառում է 284 ձու: Այդ ցուցանիշով աշխարհում 5-րդ տեղն ենք զբաղեցնում: