Այն, որ ՀՀ իշխանությունները կոնկրետ խոչընդոտ են ԼՂ հարցի արդար լուծմանը, մենք դա տեսնում ենք, քանի որ իրենք հարցն օրակարգից հանել են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԳՆ-ի դիմաց Արցախի մի քանի տասնյակ ՀԿ-ների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար  Արթուր Օսիպյանը:

«Անհեթեթ է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ըստ որի ՄԱԿ-ի 4 բանաձեւերն իրավունք են տվել Ադրբեջանին ռազմական գործողությունների դիմել: Այդ բանաձեւերում ի՞նչ է գրված, որ իրենք իրավունք ունեն մտնել Հադրո՞ւթ, որ Ասկերանի շրջանները զավթե՞ն: Այդ բանաձեւերում ընդունված է նաեւ արցախցիների իրավունքը Լաչինի միջանցքի վերաբերյալ, նախկին ԼՂԻՄ-ի տարածքների վերաբերյալ: Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է այդ 4 բանաձեւերի մասին, ապա մենք կխնդրեինք, որ նա պայքարեր, որ այդ բանաձեւերը կյանքի կոչվեն հիմա:

Արցախցիների խնդիրն այսօր կազմակերպվել եւ ցույց տալ աշխարհին, որ արցախցիները կամք ունեն վերադառնալու իրենց հայրենիք եւ պահանջում են միջազգային իրավունքի լիարժեք իրականացում:

Կա ԼՂ խնդիր եւ միջազգային հանրությունը չի փակել այդ հարցը: Բոլորը նշել են, որ ԼՂ հարցը պետք է Մինսկի խմբի շրջանակներում քննարկվի եւ կարգավիճակի հարցը լուծվի: Սա համայն հայության խնդիրն է»,-ասաց Արթուր Օսիպյանը:

Նա հավելեց, որ Արցախից հրաժարվելը վտանգի առջեւ է դնում Հայաստանին. «ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ պետք է պայքարենք Արցախի համար, որպեսզի ապահովենք նաեւ Հայաստանի անվտանգությունը: Եթե իրենք դա չեն անում, փորձում ենք անել մենք, բայց սրա համար պետք է համախմբվի հասարակությունը: 61 ՀԿ ստորագրել է այս նամակի տակ: Մեր խնդիրն է, որ այս հարցը չլղոզվի եւ ԼՂ հարցը բերվի օրակարգ»«- հայտարարեց Օսիպյանը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են Հայաստանից տեղի չտալ միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին: Նրանք նամակ են փոխանցել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ԵԱՀԿ գործող նախագահ  Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։

Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին,  ինչն ամրագրված է  ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքներում։

Նամակում նշվում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։

«Ավելին՝ ՀՀ-ն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով։ Արցախի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովուրդի նկատմամբ ցեղասպանական գործողություներն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միազգային համաժողովում ԼՂ կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը փակված է»,-նշվում է  նամակում։

Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը հիմնազուրկ և վտանգավոր է։