Մեր ուզածը խաղաղությունն է այն չափորոշիչներով, որոնք միջազգային հանրությունը ճանաչում է եւ դա համարում է որպես նորմ ու պահանջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ վստահություն հայտնելով, որ խաղաղությն անպայման կհասնենք:

«Կամաց-կամաց տարծաշրջանում մոտեցում ու փոխհարաբերություններ են փոխվում, տարածաշրջանում արդեն մեկը մյուսի ինքնիշխանությունը հարգելու ինստիտուտը սկսում է ձեւավորվել, իսկ Ադրբեջանը տարածաշրջանի պետություններից մեկն է: Ադրբեջանի պաշտոնական, դիվանագիտական արտահայտություններում կա տրածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, բայց ես չգիտեմ՝ դա ինչքանով է իրենց կողմից հարգվում: Բայց մնացած պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի կողմից այդ մասին հստակ ասվում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մինչ օրես Ադրբեջանը թվային արտահայտությամբ չի ասել, որ ճանաչում է Հայաստանի 29 743 քկմ տարածքային ամբողջականությանը, Սուքիասյանն ասաց. «Եթե ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, կարող է եւ թվային չասել: Ընդհանրապես, ես չեմ մտածում, որ քաղաքակիրթ մարդը մտածի պատերազմի մասին, այն էլ այս դարաշրջանում: Ցանկացած պետություն, որ սիրում է իր ժողովրդին եւ իր պետությունն իր համար շատ թանկ է, նա նույնպես պետք է խաղաղության արդյունքում բոլոր գործիքներից օգտվի»:

Նա հավելեց, որ այս պահին Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիք չի տեսնում. «Հայաստանը նույնպես սկսում է ձեւավորվել: Իհարկե, մենք շատ մեծ կորուստ ունեցանք 2020-ին, բայց դրանից հետո որոշակի սթափություն եղավ, եւ Հայաստանը տարածաշրջանում իր տեխնոլոգիաներով, դիվերսիֆիկացված տնտեսությամբ բավականին ընկալելի եւ ընդունելի է: Մեզ պետք է, որ տարածաշրջանում: Եթե Հայաստանն իր բոլոր հարեւան երկրների հետ կոոպերացիա ունենա, շատ լուրջ տնտեսություն կունենա ապագայում: կարծես գնում ենք դրան»: