«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեվքեթ Շայդուլինը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ իրենց ազգային ընկերության կարգավիճակ շնորհելու համար: Շայդուլինի խոսքով, դա հնարավորություն կտա «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին, որը 10 տարով կառավարում է Հայաստանի երկաթուղիները, անդամակցել միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ հավասար մրցակցել հարեւան երկրների երկաթուղիների հետ: Միաժամանակ, դա հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել:

«Հարավային Կովկասում բուռն զարգացումները, մասնավորապես՝ սահմանների բացումը եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարը կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսության ներքին եւ արտաքին միջավայրը, այդ թվում եւ երկաթուղու դերը երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում: Իրադարձությունների նման զարգացման պարագայում Հայաստանի երկաթուղին անհրաժեշտ է դիտարկել որպես տարանցիկ օղակ Եվրոպա-Ասիա եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում: Մեզ իրական է թվում, որ երկաթուղին լոկոմոտիվի դեր խաղա Հայաստանի տնտեսության այլ ոլորտները արտաքին շուկաներ հանելու հարցում: Այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ», ասել է Շայդուլինը: