Պետք չէ քաղաքականացնել ձերբակալությունները կուսակցության սկզբունքով: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների վերջին ձերբակալությունների մասին հարցին, վարչապետը նշել է, թե կարող էին ձերբակալվել նաեւ Հանրապետական կուսակցության անդամներ, բայց այդ դեպքում ոչ ոք, բնականաբար, քաղաքական ենթատեքստ չէր տեսնի:

Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը ձերբակալել էր ԲՀԿ Ջերմուկի կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: ձերբակալվել էին ԲՀԿ-ի հետ կապ ունեցող եւս երկու անձինք: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, այդ ձերբակալությունների հաճախականությունը վկայում է ինչ-որ օրինաչափության մասին:

Նկատենք, որ նոյեմբերի 25-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության հնարավորության մասին: