Շատերի մոտ 88-ի երկրաշարժի վերքերը դեռ թարմ են: Հիշում, պատմում ու վերապրում են անցյալի դառը այն պահերը, որոնք այսքան տարիներ անց դաջված են մնում երեխա, ծնող, մտերիմ եւ այլ հարազատեր կորցրած մարդկանց հիշողություններում:

Գյումրիի Ավստրիական հաշմանդամների թաղամասում ապրող Խնձրցյանները դեկտեմբերի ավերիչ երկրաշարժին 44 զոհ են տվել: Փլատակների տակից միայն 3 օր անց փրկարարներին  հաջողվել է դուրս բերել Գրետա Խնձրցյանի որդու ընտանիքին: Որդին, նրա հղի կինը եւ դուստրերից մեկը մահացած են եղել, իսկ նրանց 2 տարեկան դուստրը՝ Գրետա Խնձրցյանը` վիրավոր: Վիրահատել են երեխայի ոտքերը, եւ այժմ 25-ամյա Գրետան երկու ոտքերից հաշմանդամ է:

Խոսքը ծանրորդուհի Գրետա Խնձրցյանի մասին է, ով արդեն հասցրել է 17 մեդալ նվաճել, մեծ ձեռքբերումների հասնել ծանրամարտի ասպարեզում, ամուսնացել է եւ այժմ երկու տարեկան դուստր ունի: Նրա տատը՝ ավագ Գրետա Խնձրցյանն ինքն է իր ձեռքերով գրկել 2-ամյա հաշմանդամ թոռանն ու դուրս բերել փլատակների տակից: «Ես երբեք չեմ մոռանա այդ պահը, ինչպես սոված մարդը տեսնում է հացն ու սարսափում, այնպես էլ ես ամեն անգամ երկրաշարժ ասելիս վերապրում եմ այդ պահը: Գիտեք դա ինչ է նշանակում, ինչ դժվարությամբ ես պահել ու մեծացրել եմ նրան` իմ Գրետային: Հիմա նա 25-ամյա աղջիկ է, ամուսնացել է, 2 տարեկան փոքրիկ բալիկ ունի եւ երջանիկ է, կարելի է նաեւ այսպես ասել»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց Գրետա Խնձրցյանը:

Տիկին Գրետան ասում է, որ հրաշքներ լինում են, թոռան կյանքն էլ հրաշքի է նման: 25-ամյա ծանրորդուհին հիմա իրեն երջանիկ է համարում, ու հավատում է, որ հրաշքներ իրոք լինում են: Հրաշքները, ըստ նրա, իր բալիկներն են եւ փլատակներից հառնած իր կյանքը: