Հավանություն տալով սահմանային անվտանգության հանձնաժողովների ընթացակարգին՝ իշխանությունները հրաժարվեցին Արցախից և Հայաստանի անկախության հռչակագրից։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե»» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Մենք դեմ ենք ոչ թե սահմանազատմանը, այլ այն գործընթացին, որն ընթանում է սահմանազատման քողի տակ։ Այդ գործընթացի արդյունքում Հայաստանի իշխանությունները տոտալ կերպով հրաժարվեցին Արցախի իրավունքներից։
Հայաստանի Սահմանադրական դատարանը ընթացակարգերը վերլուծելու փոխարեն իր որոշումը նվիրեց Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկելուն։
Սահմանադրության ներածականում, որն անփոփոխ է, ինչպես նշել է նաև ՍԴ ներկայիս կազմը, անդրադարձ կա Հռչակագրին։ Դրանում ամենակարևոր մասը ձևակերպում է ազգային նպատակներ՝ Հայաստանի և Արցախի վերամիավորում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչում ու փոխհատուցում»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բացահայտ կերպով հրաժարվել են այդ երկու նպատակներից էլ, թեև 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ դրա մասին ոչինչ չեն ասել։
«Ավելին, նրանց ծրագրում կան կետեր Շուշիի և Հադրութի դեօկուպացման անհրաժեշտության մասին, ինչպես նաև այլ խոստումներ՝ կապված Արցախի հետ։ Բացի դրանից, այնտեղ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա հայերի տեղաշարժը Արցախից, և երբ այս գործընթացը սկսվեց, նրանք ձեռքերը լվացին։ Սա նշանակում է, որ իշխանությունները դրժել են իրենց բոլոր խոստումները, ուստի իրենք լեգիտիմ չեն»,- հավելել է Չալաբյանը։











