ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հիշում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ խոսակցությունը, որում նա սպառնացել է հարվածներ հասցնել Մոսկվային, գրում է «Коммерсантъ»-ը։

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահին հարցրել են՝ հնարավո՞ր է սպառնալ Ռուսաստանին, և ինչպես է նա վերաբերվում նման սպառնալիքներին։

«Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, քանի որ դա միայն գոտեպնդում է մեզ։ Բայց ես պարոն Թրամփի հետ նման խոսակցություն չեմ հիշում»,-հայտարարել է Պուտինը։

Նա միաժամանակ կոչ է արել «լրջորեն չվերաբերվել նման հայտարարություններին», քանի որ ԱՄՆ-ն այժմ «նախընտրական քարոզարշավի սուր փուլում է»։

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ սպառնացել է Վլադիմիր Պուտինին հարվածել Մոսկվայի կենտրոնին, եթե Ռուսաստանը «հալածի Ուկրաինային»։ Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այդ խոսակցությունը, հայտնի չէ, Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել:

Մամուլի ասուլիսում Պուտինը ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Դոնալդ Թրամփի ձգտումն անկեղծ է որակել: Ռուսաստանը ողջունում է նման հայտարարությունները՝ անկախ նրանից, թե ումից են դրանք գալիս, հավելել է նա։