Իրանը դիտարկում է տարբեր տարբերակներ Իսրայելի հնարավոր հարվածին պատասխանելու համար. Թեհրանի գործողությունները կախված կլինեն հրեական պետության կողմից հարձակման համար ընտրված թիրախներից: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է զինվորականներին մշակել բազմաթիվ ծրագրեր՝ իսրայելական հարձակմանը պատասխանելու համար՝ կախված դրա չափից: Այս մասին NYT-ին հայտնել են իրանցի չորս պաշտոնյաներ, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունը:
Եթե դա լուրջ ավերածությունների ու բազմաթիվ զոհերի պատճառ դառնա, Իրանը կպատասխանի։ Եթե հրեական պետությունը սահմանափակվի հրթիռներով և անօդաչու սարքերով մի քանի ռազմաբազաների և պահեստների վրա հարձակումներով, Թեհրանը կարող է ոչինչ չանել ի պատասխան, նշում են պարբերականին աղբյուրները։
Նրանք նաև նշել են, որ պատասխանն անխուսափելի կլինի Իրանի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքների, միջուկային օբյեկտների վրա հարձակման, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների սպանության դեպքում։
Պարբերականի տվյալներով՝ Թեհրանը հնարավոր միջոցների թվում դիտարկում է մոտ 1000 բալիստիկ հրթիռի արձակումը, տարածաշրջանում Իրանի դաշնակիցների հարձակումների ուժեղացումը, գլոբալ էներգակիրների և բեռնափոխադրումների խաթարումը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում:
Իսրայելի հնարավոր հարվածի ակնկալիքով Իրանի զինվորականներին ասվել է, որ պետք է պատրաստ լինել պատերազմի, սակայն Թեհրանը նույնպես փորձում է խուսափել դրանից, ավելացնում է The New York Times-ը:





























