Մեր միջազգային գործընկերների դիրքորոշումները համընկնում են մեր օրակարգի հետ: Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
«Այս ամենը մենք շատ դրական ենք գնահատում։ Ի վերջո, Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է. գործընթացը պետք է ավարտվի որքան հնարավոր է շուտ: Պետք է խաղաղության պայմանագիր կնքվի: Այս մասին ասում է ինքը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ թե՛ Ադրբեջանի նախագահին, թե՛ Հայաստանի վարչապետին ուղղված նամակում։
Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու և խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրումը ապահովելու համար։ Սա է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։
Մեր միջազգային գործընկերներն Արեւմուտքից, ԵՄ անդամներից, ԱՄՆ-ից արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումները։ Մասնավորապես, այն մասին, որ խաղաղ պայմանագիր պետք է հրատապ ստորագրվի։ Սա, ինչպես տեսնում եք, համընկնում է մեր օրակարգի հետ»,- ասաց Գրիգորյանը։




























