Խաղաղության բանակցությունները դիվանագիտության գաղտնիության քողի տակ են ընթանում, մինչեւ այժմ կցկտուր բաներ գիտենք միայն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին:
«Կա երկու մոտեցում, որոնց երկուսին էլ ես վերապահումով կմոտենամ: Մի մոտեցումն այն է, որ անպայման միջնորդ ու երաշխավոր է պետք, մյուս մոտեցումը, որ կիսում է նաեւ Ալիեւը, այն է, որ 26 տարի միջնորդները ոչինչ չեն արել, եւ հիմա թող մեզ հանգիստ թողնեն, մենք երկկողմ ձեւաչափով կորոշենք մեր հարցերը: Երկու մոտեցումների դեպքում էլ կան մարտահրավերներ, կան եւ դրական եւ բացասական կողմեր:
Մի բան փաստ է, որ ինչ-որ առաջընթաց եղել է, եղել է երկկողմ բանակցությունների ժամանակ, երբ եղել են միջնորդներ, էական առաջընթաց չի գրանցվել:
Այս պահին չկան բավականին ուժեղ երրորդ ուժեր, որոնք կերաշխավորեն կամ կպարտավորվեն որոշակի գործիքակազմ կիրառել այն կողմի վրա, որը չի իրականացնում պայմանագիրը»,- հայտարարեց նա:
Քեռյանը նկատեց, որ Կազանում՝ ռուսական հարթակում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն, իհարկե, երկկողմանի էր, բայց հենց հարթակն արդեն միջնորդություն է:
«Ասել, որ դասական, բացարձակ երկկողմանի հանդիպումներ պատմության մեջ լինում են, այդպես չէ: Նույնիսկ վայրը իր մեջ միջնորդություն է ներառում: Բացառված չէ, որ Ալիեւին եւ Փաշինյանին ռուսական կողմը համոզած լինի, ասելով՝ քանի դեռ Կազանում եք այսպիսի լուրջ կազմով, համագործակցային մթնոլորտի պայմաններում, եկեք մի առաջընթաց քայլ կատարենք»,- ընդգծեց քաղաքագետը:



























