Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները եղել են անարդար: Այդ մասին «Նովայա գազետա» թերթին տված հարցարզույցում հայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը` ավելացնելով, որ անհրաժեշտ է կազմակերպել նոր ընտրություններ:

«Պետք չէ ծայրահեղացնել: Այս ընտրությունների արդյունքները պետք է չեղյալ համարվեն եւ անցկացվեն նոր ընտրություններ: Նախաձեռնությունը պետք է լինի երկրի ղեկավարության կողմից», - Գորբաչովի խոսքը մեջբերում է ՌԲԿ-ն:

Նաեւ հայտնի է դարձել, որ «Յաբլոկո» կուսակցությունը մտադիր է դատական կարգով վիճարկել ընտրությունների արդյունքները: Կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին հայտնել է, որ այժմ ընթանում է դիտորդներից ստացված բողոքների մշակում: «Մենք կանցնենք ամբոջղջ գործընթացը սկզբից մինչեւ վերջ: Առանձին տեղամասերով կբացենք քրեական գործեր, իսկ հետո կփորձենք հասնել ընտրությունների բոլոր արդյունքների չեղյալ հայտարարելուն», - ասել է Յավլինսկին:

Նախօրեին նմանատիպ հայտարարություն է արել նաեւ ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը: Նրա խոսքով, կուսակցությունը պահանջում է կայացած ընտրությունները ճանաչել ոչ լեգիտիմ, քանի որ արդյունքները կեղծվել են: «Ես համարում եմ, որ այս ընտրություններն իրավական, բարոյական եւ էթիկայի տեսանկյունից ամբողջովին ոչ լեգիտիմ են», - հայտարարել է Զյուգանովը: