ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հուսադրված է Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում նախօրեին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարությամբ:
Հանդես գալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի փակմանը` Աժուբալիսը հայտարարել է, որ հուսադրված է այդ հայտարարությամբ եւ հույս ունի, որ այն կնպաստի ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթացին: Նա նաեւ գոհունակություն է հայտնել Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման առնչությամբ եւ նշել, որ այն պետք է կարգավորվի Մոլդովայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Նա նաեւ ափսոսանք է հայտնել Վրաստանում հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 6-ին համատեղ հայտարարություն են արել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում, որն ընթանում է Վիլնյուսում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ կողմերը կարեւոր նշանակություն են տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերմանը: Հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են անհրաժեշտության հետ, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում եւ բարելավել մթնոլորտը` խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես նաեւ համաձայնել են, որ հետագա ջանքերը պետք է միտված լինեն հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների մանրամասների վրա, որը բխում է 2011 թվականի Սոչիի գագաթնաժողովում նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի արած հայտարարությունից:
Կողմերը վերահաստատել են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:



























