Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը իշխանություններին քննադատել է Իրանի տարածքին հարվածելու համար՝ դրանք սահմանափակ անվանելով, եւ հայտնել է, որ Թեհրանը «չարիքի առանցքն է եւ պետք է բարձր գին վճարի իր ագրեսիայի համար», տեղեկացրել է Times of Israel-ը։
«Իրանի ռազմավարական եւ տնտեսական օբյեկտներին հարվածներ չհասցնելու մասին որոշումը սխալ է։ Մենք կարող էինք եւ պետք է Իրանից պահանջեինք շատ ավելի բարձր գին»,- ասել է Լապիդը։
Նա նաեւ բարձր է գնահատել Իսրայելի ռազմաօդային ուժերը այն բանի համար, որ նրանք «հերթական անգամ ցուցադրում են համաշխարհային կարգի օպերատիվ հնարավորություններ եւ գերազանցություն օդում»։
Իսրայելական բանակում հայտնել են, որ իսրայելական ՌՕՈւ տասնյակ ինքնաթիռներ, ներառյալ կործանիչները, հետախույզ ինքնաթիռները, մասնակցել են «բարդ» գործողությանն այսօր առավոտյան Իսրայելից մոտ 1 600 կիլոմետր հեռավորությամբ։
Հիշեցնենք, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Իրանը հայտնել է դրանց հաջող արձագանքման մասին՝ «սահմանափակ վնասով»։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհվել է իրանցի երկու զինվորական։
Իսրայելն իր հերթին հայտնել է, որ հասել է դրված նպատակներին եւ զգուշացրել է Իրանին պատասխան հարվածից։




























