Ղարաբաղյան հակամարտությունը բավական երկար է շարունակվում, ասվում է ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ընթացքում ձեռքբերված առաջընթացին նվիրված զեկույցում, որն այսօր տարածվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աժուբալիսի գրասենյակի կողմից:
«Գործող նախագահը, համանախագահները եւ Մինսկի խմբի ու այլ մասնակից-երկրների անդամները տարվա ընթացքում կողմերին կոչ են արել շարունակել եւ փոխզիջումների ոգով ձգտել խաղաղ կարգավորման` Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքերի, այդ թվում`ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,-նշվում է զեկույցում:
Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի` այդ ջանքերը դեկտեմբերի 6-ին Նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանգեցրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկվարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության: Ըստ այդ հայտարարության` հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են անհրաժեշտության հետ, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում եւ բարելավել մթնոլորտը` խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նշեցին, որ նախագահները պատրաստ են անցկացնել հերթական համատեղ հանդիպումը մոտ ապագայում` համանախագահ երկրների հովանու ներքո, հիմնվելով վերջին շրջանի փորձի վրա, շարունակելու ուղիղ երկխոսությունը` իրենց ժողովուրդներին խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում բերելու ուղղությամբ: Ընթացիկ տարում շփման գծում բազմաթիվ սարսափելի միջադեպեր են տեղի ունեցել, որոնք խլել են կյանքեր եւ տարածաշրջանում շիկացրել մթնոլոտը: Գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, կողմերին կոչ է արել անհապաղ լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարի պահպանման համար, համաձայնեցնել շփման գոծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմները եւ հեռացնել դիպուկահարներին»,-նշվում է զեկույցում:




























